Փաշինյան․ պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ Հայաստանի դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն
![Փաշինյան․ պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ Հայաստանի դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն Փաշինյան․ պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ Հայաստանի դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն](/upload/medialibrary/e71/5ksby242t7q2h3bd01kxaygp3xhrr6gm.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ Արևմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։
«Սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջևանն էլ կարող ենք համարել Արևմտյան Ադրբեջան», – նշել է Փաշինյանը։
Նա ավելացրել է, որ Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է։
«Սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան: Արևելյան Հայաստանը Իջևանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևելյան Հայաստան», – գրել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո:
«Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձևակերպման բերումով հենց ինքը փակում է որևէ քննարկման հնարավորություն, որովհետև ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձևակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արևմտյան Ադրբեջանի» և այդ կարգի խոսույթներից: Նախորդ կետում նշված հանգամանքների համապատկերում պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրավունքը կասկածի տակ դնելով պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ Հայաստանի Հանրապետության դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն», – գրել է Փաշինյանը։
Ալիևի հայտարարությունների մասին
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մի քանի հայտարարություն է արել։ Նա, մասնավորապես, ասել է, որ մինչև հունվարի վերջ կկայանա սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը, նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է։ Ալիևը Հայաստանն անվանել է «ֆաշիստական պետություն»՝ նշելով, որ «այդ ֆաշիզմը կոչնչացվի կամ Հայաստանի ղեկավարության կամ մեր կողմից»:
Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը խաղաղություն և համագործակցություն է ցանկանում Հարավային Կովկասում, և «Հայաստանը չպետք է խանգարի մեզ, չպետք է աշխարհաքաղաքական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։ Ալիևը նաև պահանջել է, որպեսզի Հայաստանը դադարի զինվել, իսկ արդեն մատակարարված զենքը վերադարձնի։ Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրն անհնար է առանց ԵԱՀԿ ՄԽ վերացման, Հայաստանի Սահմանադրության փոփոխության։