Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Փաշինյանն Արմեն Սարգսյանի հետ քննարկել է ՍԴ–ի շուրջ ստեղծված ճգնաժամը (ՎԻԴԵՈ)

04.02.2020, 19:00
Փաշինյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ
Փաշինյանն Արմեն Սարգսյանի հետ քննարկել է ՍԴ–ի շուրջ ստեղծված ճգնաժամը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր: 

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել Փաշինյանին:

«Սա, կարծես, մեր ավանդույթն է՝ պարբերաբար հանդիպել, քննարկել և՛ երկրում, և՛ երկրից դուրս՝ միջազգային ոլորտում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, նաև կիսվել մեզանից յուրաքանչյուրի ինստիտուտի՝ կառավարության և նախագահական ինստիտուտների այցելությունների, հանդիպումների, ձեռքբերումների, դժվարությունների մասին:Այնպես որ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում», – նշել է ՀՀ նախագահը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ սա 2020 թվականի իրենց առաջին աշխատանքային հանդիպումն է և ուրախ է արձանագրել, որ 2019 թվականը հաջող տարի ստացվեց Հայաստանի Հանրապետության համար:

«Հրապարակվել են 2019 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշները և կարող եմ արձանագրել, որ 2019-ին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի առավելագույն թիվը՝ այդ մեթոդով տնտեսական հաշվարկների մեկնարկից ի վեր. մեկնարկը եղել է 2011 թվականին: Նաև ուզում եմ արձանագրել, որ 2019-ին մենք արձանագրեցինք հեղափոխությունից հետո անցումային կառավարման շրջանը և մեր քննարկումների առանցքում էլ միշտ եղել է այն, որ պետք է ավելի ու ավելի շատ կարևորենք մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման և հիմնադրենք ու ներդնենք ռազմավարական կառավարման տրամաբանությունը: Կարծում եմ, որ 2020 թվականին հենց այդպիսի մի փուլ ենք թևակոխում և մեր երկրում ինստիտուտների կայացումը, հակակշիռների և փոխզսպումների համակարգի ներդրումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է: Գիտեք, նաև արձագանքել եք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, եթե կարելի է ասել ճգնաժամին, և այսօր հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաև դրա հետ կապված խնդիրը, մտքեր կփոխանակենք: Իհարկե, ես միանշանակ կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, մեր երկրի ազգային և պետական շահերի տրամաբանությամբ, հակակշիռների և փոխզսպումների ճշգրիտ և աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամբ, որովհետև միայն այդ պարագայում է, որ մենք կունենանք անշրջելի ժողովրդավարություն, անշրջելի օրենքի գերակայություն՝ սրանից բխող հետևանքներով, և իհարկե անշրջելի Սահմանադրական իրականություն, որը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և մեր աշխատանքային քննարկումների առանցքում: Այնպես որ շատ ուրախ եմ այս առիթի համար», – նշել է վարչապետ Փաշինյանը: 

Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով, շատ էական է այն, ինչ վարչապետն ասաց՝ ինստիտուտների կայանալը մեր երկրում, հավասարակշի՛ռ ինստիտուտների, որովհետև եթե «խոսում ենք երկարաժամկետ, կայուն զարգացման մասին, առանց դրա հնարավոր չի լինի»: 

«Իհարկե, արժե նաև քննարկել ապագա ծրագրերը՝ ներդրումային ծրագրերը: Ուրախությամբ կարող եմ ասել, որ կարծես թե նոր, փոքրիկ հաղթանակներ կան իմ այցելությունների ժամանակ՝ լինի դա Պարսից ծոցի երկրներ, Դավոս կամ Իսրայել: Կկիսվեմ Ձեզ հետ», – նշել է ՀՀ նախագահը: 

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:–0–