Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 5, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Եվրոպան պետք է աշխատի Հայաստանի և տարածաշրջանի հետ հանուն կայունության. Եվրոպական խորհրդի նախագահ

Երեկ, 22:13
ԵԽ նախագահը   Երևանում կայացած հանդիպումն  անվանել է «խաղաղության գագաթնաժողով»
Եվրոպան պետք է աշխատի Հայաստանի և տարածաշրջանի հետ հանուն կայունության. Եվրոպական խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/ԱՌԿԱ/․ Եվրոպան պետք է աշխատի Հայաստանի և ողջ տարածաշրջանի հետ՝ խաղաղություն և կայունություն ապահովելու համար, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ ամփոփելով Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արդյունքները։

«Ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակում ակնհայտ է դառնում, որ մեր մայրցամաքին անհրաժեշտ է անվտանգության հարցերի համապարփակ տեսլական։ Հանդիպումն անցկացնելով Հայաստանում՝ Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքին այսքան մոտ, մենք կրկին հիշում ենք, որ Եվրոպայի հարևանությամբ պատերազմն ուղղակիորեն ազդում է մեր ընդհանուր անվտանգության, էներգամատակարարման և տնտեսության վրա», - հայտարարել է Կոշտան։

Նրա խոսքով՝ այն փաստը, որ Հայաստանը հյուրընկալում է գագաթնաժողովը, վկայում է նրա աշխարհաքաղաքական ուղղվածության մասին։

«Հայաստանն ու ԵՄ-ն միասին են անցնում այս ուղին։ Հենց այդ պատճառով էլ վաղը մենք կանցկացնենք Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը», - ասել է Կոշտան։

Նա Երևանում կայացած ԵՔՀ գագաթնաժողովն անվանել է պատմական, քանի որ Եվրոպական քաղաքական համայնքն առաջին անգամ է հանդիպել Հարավային Կովկասում։

«Դրան տեսակապի միջոցով մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են խիզախ քաղաքական որոշումները և անխոնջ դիվանագիտական ջանքերը։ Սա պատմական իրադարձություն է մի աշխարհում, որտեղ էսկալացիաները և պատերազմը կարծես թե գերակայում են: Անհրաժեշտ է տոնել այս հնարավորությունը», - ասել է Կոշտան։

Ըստ նրա՝ տևական խաղաղության և կայունության գրավականը ժողովրդավարական կառույցներն ու հարևանների միջև ամուր տնտեսական կապերն են։

«Ուստի ԵՄ գագաթնաժողովն այսօր ընդգծում է ժողովրդավարական գործընթացներին օտարերկրյա միջամտության դեմ պայքարի կարևորությունը և շեշտում փոխկապակցվածության նշանակությունը՝ փոխշահավետ տնտեսական հարաբերություններ ստեղծելու համար», - եզրափակել է Կոշտան։

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում երկուշաբթի կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Դրան մասնակցել են ԵՄ անդամ երկրների, Եվրոպայի այլ պետությունների շուրջ 50 առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Գագաթնաժողովի հիմնական թեման ձևակերպված է որպես «Կառուցում ենք ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։