Рейтинг@Mail.ru
USD
367.86
EUR
426.98
RUB
5.1746
GEL
137.65
2026 թ. մայիսի 22, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

Ռոսսելխոզնադզորը հայտարարել է ՀՀ–ից բանգարեղենի և մրգի մատակարարումների հետ կապված խնդիրների մասին

Այսօր, 14:09
Ռոսսելխոզնադզորը խնդիրներ է արձանագրում Հայաստանից մատակարարումների հետ կապված ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մասով, հայտարարել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը
Ռոսսելխոզնադզորը հայտարարել է ՀՀ–ից բանգարեղենի և մրգի մատակարարումների հետ կապված խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ռոսսելխոզնադզորը խնդիրներ է արձանագրում Հայաստանից մատակարարումների հետ կապված ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մասով։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, «Վեստի»-ի եթերում հայտարարել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Հարցն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի ու մրգերի մասով», - ասել է Դանկվերտը։

Հայաստանում Ռոսսելխոզնադզորի հետ համատեղ ստուգումներ կիրականացվեն բուսական և կենդանական ծագման արտադրանք արտադրող և արտահանող ձեռնարկություններում։

Մայիսի 20-ին Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանում աճող և այստեղից առաքվող ծաղկային արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է «Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության և արտահանման ներուժի պաշտպանության համար» և կգործի մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրա արդյունքների վերլուծության ամփոփումը։

Դանկվերտը նաև նշել է, որ հայկական ձեռնարկությունների ստուգումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։

«Այս տեսչական ստուգման արդյունքներով որոշում կկայացնենք», - հավելել է ծառայության ղեկավարը՝ նշելով, որ գերատեսչությունը կապի մեջ է Հայաստանի տեսչական մարմնի հետ՝ տվյալ հարցերը վերացնելու համար։

Ռոսսելխոզնադզորի պահանջների և Երևանի արձագանքի մասին

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել էր Հայաստանից ստացվող բուսական և անասնաբուծական արտադրանքի մի մասի նկատմամբ ռուսական կարգավորողի պահանջների պահպանման մասին։ Նրա խոսքով՝ Ռոսսելխոզնադզորը կասկածներ ունի արտադրանքի մի մասի ծագման վերաբերյալ, ինչպես նաև մտահոգված է հայտնաբերված խախտումների թվի աճով։

Դանկվերտը նշել էր, որ վերջին տարիներին նկատելիորեն աճել են ապրանքների առանձին կատեգորիաների, այդ թվում՝ ծաղիկների մատակարարումները, ինչը, Ռոսսելխոզնադզորի գնահատմամբ, պահանջել է բուսասանիտարական հսկողության ուժեղացում։ Որպես հնարավոր լուծում նա անվանել էր ԵԱՏՄ շրջանակում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը՝ արտադրանքի հետագծելիությունն ապահովելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել է, որ բուսասանիտարական չափանիշներին չհամապատասխանող ապրանքների նկատմամբ սահմանափակումները միշտ էլ եղել են՝ նշելով, որ վերջին ութ տարիների ընթացքում նման իրավիճակներ ծագել են տասնյակ անգամներ։