Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

14.03.2024, 12:17
Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին բանաձևը
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի նախօրեին ընդունած բանաձևին:

Փաշինյանը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին բանաձևը:

«Բոլոր խմբակցությունների աջակցությունն ստացած այս փաստաթուղթն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով: Բանաձևը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, նաև աջակցություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին», – նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով, այս բանաձևով Եվրոպական խորհրդարանն արձանագրել է Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի միջազգային ընկալման համար:

«Բանաձևը մեջբերել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը կցանկանա Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, Եվրամիության ինստիտուտները պետք է աջակցեն», – ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև նշել է, որ ԵԽ–ի այդ բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա:

«Սա ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը, և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը», – ընդգծել է Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ արտահայտել է Հայաստանի Հանրապետության կառավարության կամքը՝ շարունակել աշխատանքները Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացման և զարգացման ուղղությամբ:–0–