Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Փաշինյանը Մերկելի հետ քննարկել է տնտեսական համագործակցությանն ու ԵՄ–ի հետ վիզաների ազատականացմանն վերաբերող հարցեր

01.02.2019, 21:04
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Փաշինյանը Մերկելի հետ քննարկել է տնտեսական համագործակցությանն ու ԵՄ–ի հետ վիզաների ազատականացմանն վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

ԳԴՀ կանցլերի նստավայրում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. բարձրացված են եղել ԳԴՀ, ՀՀ և ԵՄ դրոշները, և կարմիր ուղեգորգի երկայնքով շարված են եղել Պատվո պահակախմբի զինվորները և Զինվորական նվագախումբը: Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական օրհներգերի կատարումից հետո ԳԴՀ կանցլերը ՀՀ վարչապետին հրավիրել է Պատվո պահակախմբի ստուգայցի: 

Ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում: 

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ողջունել և կարևորել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա՝ վստահություն հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական բարեկամական համագործակցությանը: Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և պատրաստ է քննարկել երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները: 

Ողջունելով 2018 թ. խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը` ԳԴՀ կանցլերը նշել է, որ Գերմանիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և պատրաստ է նպաստելու երկկողմ հարաբերությունների ավելի խորացմանը, աջակցել բարեփոխումներին տարբեր ոլորտներում: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ կարևորելով կանցլեր Մերկելի հետ կրկին հանդիպելու և հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կարևոր քննարկումները շարունակելու հնարավորությունը։  

«Հայաստան կատարած Ձեր այցը կարևոր խթան հանդիսացավ հայ-գերմանական փոխգործակցության զարգացման համար։ Ուրախությամբ, նաև՝ հպարտությամբ եմ արձանագրում, որ իմ այցը կայանում է Ձեր այցից ընդամենը հինգ ամիս անց։ Սա նշանակում է, որ մենք երկուստեք տրամադրված ենք հիմք դնելու հայ-գերմանական առավել խորացված և թիրախային համագործակցությանը», -նշել է ՀՀ վարչապետը: 

Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսօր առավել, քան երբևէ առկա են նախապայմաններ հայ-գերմանական փոխգործակցության օրակարգը նոր բովանդակությամբ լցնելու համար: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում և այս առումով Գերմանիայի՝ որպես ԵՄ ծանրակշիռ անդամներից մեկի հետ համագործակցությունը կարևոր է։ 

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ` երկկողմ ու բազմակողմ ձևաչափով փոխգործակցություն, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, միջազգային և տարածաշրջանային հարցեր: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ բացառիկ էին օրենքի տառին, միջազգային չափանիշներին համապատասխանելու առումով, ինչը ևս մեկ անգամ վկայում է կառավարության հանձնառության մասին՝ ամրապնդելու իրավունքի գերակայությունը, ապահովելու մարդու իրավունքների պաշտպանության էլ ավելի բարձր մակարդակ, անկախ դատական համակարգ, հաջողելու կոռուպցիայի դեմ պայքարը:  

«Խորհրդարանական ընտրություններով ավարտվել է հեղափոխության առաջին փուլը: Հայաստանն առաջ է շարժվում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների ուժեղացման ճանապարհով: Այժմ կառավարության օրակարգում տնտեսական հեղափոխությունն է` մեր քաղաքացիների բարեկեցությունը զարգացնելու համար», - նշել է ՀՀ վարչապետը: 

Անդրադառնալով հայ-գերմանական տնտեսական համագործակցության խորացմանը` Նիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հնարավորությունները: 

Երկուստեք ընդգծվել է, որ դրանց իրագործումը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի սերտացմանը և քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ երկխոսությունը տնտեսական տարբեր ծրագրերի իրագործման ուղղությամբ: 

Կողմերն անդրադարձել են նաև Եվրոպական միության հետ արտոնագրերի ազատականացման գործընթացի ուղղությամբ աշխատանքներին: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի կարևորությունը` որպես խնդրով զբաղվող միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ:–0–