Պաշտպանության նախարարն այցելել է Սյունիքի սահման, այն տարածքներ, որտեղ հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև հեռավորությունն ընդամենը 100 մետր է
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի: Վաղարշակ Հարությունյանը հետևել է նոր բնագծերում իրականացվող մարտական հերթապահության ընթացքին, զրուցել հրամանատարների և զինծառայողների հետ, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Նախարար Հարությունյանը, մասնավորապես, այցելել է նաև այն տարածքներ, որտեղ հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև հեռավորությունը, որոշ դեպքերում, ընդամենը 100 մետր է կազմում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել նոր ստեղծվող և կահավորվող դիրքերի կենցաղային պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համար նախատեսված խրամատային ենթակառուցվածքներին: Հարավային զորամիավորման հրամանատարը նախարար Հարությունյանին զեկուցել է, որ նոր ստեղծվող դիրքերում արդեն իսկ սկսվել են կահավորման աշխատանքները, մասնավորապես՝ եղանակային անբարենպաստ պայմաններում մարտական հերթապահությունը լիարժեք իրականացնելու համար:
«Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը նշել է, որ աշխատանքների ծավալները հետզհետե ավելանում են և առավել ինտենսիվ կդառնան հատկապես գարնանային ամիսներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Զորամիավորման անձնակազմի հետ հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պատերազմին մասնակցած զինծառայողներին, պարգևատրել աչքի ընկած սպաներին և ժամկետայիններին:
Նախարարը նշել է, որ պաշտպանական գերատեսչությունը ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ առաջնագիծը ծառայության համար առավելագույնս անվտանգ դարձնելու և անհրաժեշտ կենցաղային պայմաններ ստեղծելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարը նաև հանձնարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին՝ թիկունքային ապահովման, հենակետերի կառուցման և մարտական հերթապահության կրման վերաբերյալ:
Ինչ է կատարվում Սյունիքում
Նոյեմբերի 9–ին Արցախում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել յոթ շրջաններին հարակից ավելի քան 190 բնակավայր, ինչի արդյունքում Սյունիքի մարզի սահմանները (այդ թվում` Կապան մարզկենտրոնը) հայտնվել են Ադրբեջանի նոր սահմանների հետ անմիջական հարևանությամբ։
Դեկտեմբերի 17–ին սյունեցիները փակել են Կապանի օդանավակայան տանող ճանապարհը` իրավասու մարմիններից պարզաբանումներ պահանջելով Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանության կազմակերպման հարցում։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ դեկտեմբերի 17–ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, «դրանք հանձնվում են թշնամուն», հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: Նա պարզաբանել է, որ դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի էլի մի հատված ընկնում է թշնամու տարածքի մեջ: Բացի այդ, Փարսյանը նշել է, որ Կապանից 4 գյուղական բնակավայր տանող ճանապարհը՝ դեպի Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը, ընկնում է թշնամու տարածքի մեջ:
Նույն օրը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:
Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:–0–