Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

«Քրիստոնյաների նկատմամբ ահաբեկչության և բռնության ակտերը վրդովմունք են առաջացնում». Զախարովան` Սիրիայում հայ հոգևորականի սպանության մասին

15.11.2019, 11:38
Զախարովայի խոսքով, Սիրիայի կառավարության վերահսկողության տակ չգտնվող շրջաններում քրիստոնյաների նկատմամբ գրանցվող ահաբեկչության և բռնության ակտերը վրդովմունք են առաջացնում։
«Քրիստոնյաների նկատմամբ ահաբեկչության և բռնության ակտերը վրդովմունք են առաջացնում». Զախարովան` Սիրիայում հայ հոգևորականի սպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ անկեղծ ցավակցություն է հայտնել Սիրիայում սպանված` Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի և նրա հոր հարազատներին, ինչպես նաև սիրիահայ համայնքին։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել նախօրեին Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության համար։ Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին։ Նրանք ցանկացել են պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը, այդ ժամանակ ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ: Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում մահացել է, վայրկյաններ անց մահացել է նաև Տեր Հովսեփ քահանա Պետոյանը։ Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն, ով ուղեկցել է հովվապետին և նրա հորը, վիրավորվել է։ 

«Սիրիայի կառավարության վերահսկողության տակ չգտնվող շրջաններում քրիստոնյաների նկատմամբ գրանցվող ահաբեկչության և բռնության ակտերը վրդովմունք են առաջացնում։ Նման հանցագործությունները վկայում են այն մասին, որ այդ տարածքներում ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են իրենց ազատ զգալ։ Նրանք դեռ ոչնչացված չեն և պետք է իրականում պայքարել, այլ ոչ թե քննարկել այնպիսի պայքար, որի մասին մենք անվերջ լսում ենք մեր արևմտյան գործընկերներից։ Նրանք «թաքնվում են»` ներկայացնելով տարբեր պատճաբանություններ այն մասին, որ չեն կարողանում հավաքել ուժերն ու վերջ տալ այդ ահաբեկչական խմբավորումներին։ Միաժամանակ առիթներ են գտնում արդարացնել հանցագործությունները, թալանը, այդ թվում` բնական պաշարների», – հայտարարել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև վստահություն է հայտնել, որ Սիրիայում ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը կարելի է վերջ դնել միայն մի պայմանով, երբ Դամասկոսի օրինական կառավարությունը կվերահսկի երկրի ողջ տարածքը` ապահովելով դրա ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը, կայունությունն ու սահմանադրական կարգը, որը երաշխավորում է սիրիացիների խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ կյանքն` անկախ նրանց կրոնից։–0–