Սյունիքում և Տավուշում քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել Ադրբեջանի կրակի հետևանքով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանի անկանոն կրակի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել Սյունիքի մարզի Տեղ գյուղում և Տավուշի մարզի Մովսես գյուղում, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա:
«Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության, ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:
Ավելի վաղ ՊՆ–ից հայտնել են, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։–0–