«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները վրաններ են տեղադրել ԱԺ–ի շենքի մոտ և գիշերել այնտեղ
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վրաններ են խփել Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում և գիշերել են ԱԺ–ի շենքի մոտ։
Գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման մասնակիցները շրջափակել են խորհրդարանի շենքը, որի բոլոր մուտքերի մոտ ոստիկաններ են։ Իրավիճակը պարբերաբար սրվում էր, տեղի էր ունենում հրմշտոց և բանավեճ ոստիկանների և ցուցարարների միջև, այդ թվում՝ ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և Բագրատ Գալստանյանի միջև։
Ավելի ուշ ցուցարարներից ոմանք գնացին Պռոշյան փողոցում գտնվող կառավարական ամառանոցներ, որտեղ նրանց դիմավորեցին բազմաթիվ իրավապահներ։
Առավոտյան երկու խմբերը կրկին համախմբվեցին խորհրդարանի շենքի դիմաց։ Այս պահին Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկը արգելափակված է ցուցարարների կողմից, այնտեղ վրաններ են խփված, իրավիճակը հանգիստ է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը, Բագրատ արքեպիսկոպոսը դեռևս գիշերը կոչ էր արել միանալ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գիշերած ցուցարարներին։ Նա նաև կոչ է արել անհնազանդության խաղաղ գործողություններ իրականացնել ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը անհնազանդության ակցիաներ է անցկացնում Երևանում և ողջ հանրապետությունում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և բողոքելով Տավուշի 4 գյուղերի՝ սահմանազատման շրջանակներում Ադրբեջանին հանձնելու դեմ։