Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Վարչապետը դիմել է սյունեցիներին` պարզաբանելով իր այցի նպատակները (ՎԻԴԵՈ)

21.12.2020, 10:47
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է սյունեցիներին՝ Սյունիքի մարզ ուղևորվելու ճանապարհին. ՎԻԴԵՈ
Վարչապետը դիմել է սյունեցիներին` պարզաբանելով իր այցի նպատակները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջի ուղիղ եթերում դիմել է սյունեցիներին՝ Սյունիքի մարզ ուղևորվելու ճանապարհին:

Նա նշել է, որ տեղյակ է, որ Սյունիքի մարզ այցելելու մասին իր գրառումը որոշակի կրքեր է բորբոքել Սյունիքում, սակայն հավաստիացնում է, որ չի մեկնում Սյունիք՝ կրքեր բորբոքելու համար, այլ նախ՝ սյունեցիների նկատմամբ իր հարգանքի և գնահատանքի տուրքը մատուցելու:

«Երկրորդն ու առավել կարևորը՝ ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ձեր հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու համար, և ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու և որոշակի համոզմունք ունեմ, որ ձեր հարցերին կկարողանամ պատասխանել, ձեր կասկածները փարատել: Եթե էսպիսի համոզմունք չունենայի, նման որոշում չէի կայացնի», – ասաց Փաշինյանը:

Նա խնդրեց, կոչ արեց բոլորին՝ առանց այն էլ այս լարված իրավիճակում հավելյալ կրքեր չբորբոքել:

«Ես գալիս եմ ձեզ հետ խոսելու։ Ես ձեզ հետ խոսելիս իմ հայացքը չեմ փախցնելու, որովհետև պարտավորություններ ունեմ ձեզնից յուրաքանչյուրի առաջ և գալիս եմ ի ցույց դնելու, որ իմ պարտավորությունները պատրաստ եմ կատարել լիարժեք: Իմ հարգանքի հավաստիքը Սյունիքի բոլոր բնակիչներին։ Հույս ունեմ, մեր խոսակցությունը տեղի կունենա: Ես համոզված եմ, որ մենք իրար հետ այս իրավիճակը միասին կհաղթահարենք, պարզապես բովանդակության շուրջ պետք է ունենանք կոնկրետ խոսակցություն: Էլի ուզում եմ հավաստիացնել, որ Սյունիքի մարզից ու ընդհանրապետ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր տարածք կամ հող չի զիջվելու: Եվ այս մասին կխոսեմ ձեզ հետ: Իմ հարգանքների հավաստիքը բոլոր սյունիքցիներին, ովքեր ուզում են, որ այս խոսակցությունը տեղի ունենա, հարգանքներս նաև մարդկանց, ովքեր այլ կարծիքի են, ես պատրաստ եմ նաև նրանց հարցերին պատասխանել»,-նշեց վարչապետը:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետը կոչ է արել վաղ առավոտից փակել Սյունիքի դարպասները և արգելել Փաշինյանի մուտքը մարզ։

Ինչ է կատարվում Սյունիքում

Նոյեմբերի 9–ին Արցախում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել յոթ շրջաններին հարակից ավելի քան 190 բնակավայր, ինչի արդյունքում Սյունիքի մարզի սահմանները (այդ թվում` Կապան մարզկենտրոնը) հայտնվել են Ադրբեջանի նոր սահմանների հետ անմիջական հարևանությամբ։

Դեկտեմբերի 17–ին սյունեցիները փակել են Կապանի օդանավակայան տանող ճանապարհը` իրավասու մարմիններից պարզաբանումներ պահանջելով Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանության կազմակերպման հարցում։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ դեկտեմբերի 17–ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, «դրանք հանձնվում են թշնամուն», հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: Նա պարզաբանել է, որ դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի էլի մի հատված ընկնում է թշնամու տարածքի մեջ: Բացի այդ, Փարսյանը նշել է, որ Կապանից 4 գյուղական բնակավայր տանող ճանապարհը՝ դեպի Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը, ընկնում է թշնամու տարածքի մեջ:

Նույն օրը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:–0–