Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+22

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում 1գործունեությունը ԱԺ-ում

29.11.2022, 15:32
Վահե Հակոբյանը և նրա «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում են գործունեությունը ԱԺ-ում
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում 1գործունեությունը ԱԺ-ում
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Այս մասին նշվում է կուսակցության Facebook-յան էջում հրապարակված հայտարարության մեջ:

Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։

«Կուսակցության խորհրդի նման որոշումն արդյունք է առաջին հերթին ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի և նպատակ ունի որևէ կերպ չխոչընդոտել ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ հետևողականությունը, որը Զեմֆիրա Միրզոևայի գործունեության կարևոր մաս է», - նշվում է հայտարարության մեջ։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ։ Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշումը երկար քննարկումների ու խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խորհրդարանական գործունեությունն ու պատգամավորական մանդատները մեզ համար ինքնանպատակ չեն։ Կուսակցության ներկայացուցիչներն արել են առավելագույնը՝ ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու, իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ։ Եվ, այնուամենայնիվ, այսօր մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր։ Կուսակցության խորհրդի որոշումը նաև մեր հանրության տարբեր շերտերի հետ շփումների և քննարկումների արդյունք է, և առավել քան վստահ ենք, որ մեր հայրենակիցների, պայքարի մեր ընկերների համար սա ընդունելի ու հասկանալի քայլ է», - նշվում է կուսակցության հայտարարության մեջ։

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում։-0-