Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանն ու Բաքուն Բրյուսելում պայմանավորվել են վերագործարկել երկաթուղու աշխատանքը (ՎԻԴԵՈ)

15.12.2021, 10:53
Երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով. ՎԻԴԵՈ
Երևանն ու Բաքուն Բրյուսելում պայմանավորվել են վերագործարկել երկաթուղու աշխատանքը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին:

«ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։–0–