Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Երևանը մեկնաբանել է զենքի տենդերի տապալման պատճառով ՀՀ–ին բողոքի նոտա հղելու ՌԴ–ի մտադրության մասին տեղեկությունները

24.10.2019, 15:19
Երևանը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ՌԴ–ն պատրաստվում է բողոքի նոտա հղել Հայաստանին։
Երևանը մեկնաբանել է զենքի տենդերի տապալման պատճառով ՀՀ–ին բողոքի նոտա հղելու ՌԴ–ի մտադրության մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանեց զենքի տենդերի տապալման պատճառով Հայաստանին բողոքի նոտա հղելու Ռուսաստանի մտադրության մասին տեղեկությունները։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին, հղում անելով ինչ–որ փաստաթղթեր, տեղեկացրել է, որ Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի զենքի վաճառքի տենդերի տապալման պատճառով, որին մասնակցել է ORSIS ռուսական ընկերությունը (որը ներառված է «Պրոմտեխնոլոգիաներ» խմբում) և կխնդրի ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կարգավորել իրավիճակը

«Ցավոք, ORSIS–ի թեման ի սկզբանե տարատեսակ անանուն աղբյուրների և այլ անհասկանալի մղումների պատճառով սխալ ուղղությամբ գնաց։ Եվ այն հայտարարությունը, որ քրեական գործ է հարուցված, պարզվեց, որ լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում։ Եվ ցավում եմ, որ այսօր էլ շահարկվում է այդ թեման նույն անանուն աղբյուրների անհասկանալի բացատրություններով», – նշեց Հովհաննիսյանը։

Միաժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ քանի դեռ գնում է իրավական որոշակի գործընթաց, նա զերծ կմնա կոնկրետ գնահատականներ տալուց, թե իրականում ինչ է եղել, ինչ հանգուցալուծում և ինչ պաշտոնական դիրքորոշումներ կան։

«Ուղղակի կասեմ, որ այս պահին էլ նույն տեղեկությունը հայտարարողն ամեն ինչ խառնում է իրար` սկսած նրանից, որ ORSIS–ի մայր ընկերությունը և Հայաստանի ներկայացուցչությունն այս պահի դրությամբ տարբեր իրավական գործիքներ ներկայացնող կառույցներ են, վերջացրած նրանով, որ բողոքի նոտաներ, որպես կանոն, այդպիսին չեն լինում։ Բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակը հանգուցալուծել և հասկանալ իրավիճակի մանրամասները», – ընդգծեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։

Միաժամանակ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, ԶԼՄ–ների տարածած տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին զենքի տենդերի տապալման պատճառով, չի համապատասխանում իրականությանը։ 

Այս տարվա սեպտեմբերին ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որ դատի չի տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը սպառազինության գնման տենդերի տապալման պատճառով:

ՀՀ քննչական կոմիտեն օգոստոսի 26-ին հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել սպառազինության գնման տենդերի տապալման պատճառով, որում մասնակցել է ռուսական ընկերությունը: Մասնավորապես, ORSIS ընկերության («Պրոմտեխնոլոգիա» խմբի մաս) փաստաբան և ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ խոշոր խմբաքանակի սպառազինության գնման հարցով ՀՀ ՊՆ–ի փակ տենդերին մասնակցելու նրանց հայտը մերժվել է գնահատման հանձնաժողովի կողմից կեղծ փաստարկների հիման վրա: Սույն հայտարարության հիման վրա ՀՀ քննաչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 1–ին մասի հատկանիշներով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսին պատմության մեջ առաջին անգամ մրցույթ է հայտարարել մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման համար: Որակավորման պահանջները բավարարել է միայն ռուսական ORSIS ընկերությունը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տենդերը չեղարկել են առանց որևէ բացատրության: ORSIS ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողով և փաստաբանի, որւ Հայաստանում ներկայացնում են իր շահերը, ինչի արդյունքում հայց է ներկայացվել: Տեղի ունեցածի մասին իրազեկվել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդը:

«Պրոմտեխնոլոգիա» խմբի մաս կազմող ORSIS ընկերությունը տարիներ շարունակ զենք, փամփուշտներ և օպտիկա է մատակարարել Հայաստան:–0–