Զախարովան հայտնել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով միջնորդների հերթական հանդիպման վայրն ու ամսաթիվը

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են արյունահեղության դադարեցմանը ղարաբաղյան հակամարտության գոտում։
Զախարովայի խոսքով, ղարաբաղյան հակամարտության հարցերը քննարկվել են հոկտեմբերի 20–ին և 21–ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումների ընթացքում։
«Նախկինի պես աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում։ Միջնորդների հերթական հանդիպումը նախատեսված է վաղը Վաշինգտոնում», – ասել է Զախարովան։
Նախօրեին ՀՀ ԱԳՆ–ն հաղորդեց, որ հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Մեկ օր առաջ Պոմպեոն հայտնել էր, որ մտադիր է այս շաբաթ բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Խորհրդակցությունները կանցկացվեն հոկտեմբերի 23–ին։–0–