ԱԳՆ. Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության նոր համաձայնագիրը կստորագրվի, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։ 2017 թ.–ի մարտի 21–ին Հայաստանն ու ԵՄ–ն նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Նա չի տեսնում լուրջ նախադրյալներ, որոնք կարող են խանգարել համաձայնագրի ստորագրմանը։
«Համաձայնագիրը թարգմանվել է 23 լեզուներով։ Մնացածը տեխնիկական հարցեր են։ Այսինքն, ԵՄ երկրներում համաձայնագրի նախագիծը պետք է անցնի համապատասխան միջպետական ընթացակարգերով։ Մնացել են բացառապես տեխնիկական հարցեր», – ասաց Նազարյանը։
Նրա խոսքով, և′ ԵՄ–ն, և′ Հայաստանը հայտարարել են, որ պատրաստ են ստորագրել համաձայնագիրն ամենաբարձր մակարդակում։ Նազարյանը տեղեկացրեց, որ 23 մասնակից երկրներից ոչ մեկ դեմ չի լինի համաձայնագրի ստորագրմանը։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Երևանը ԵՄ–ի հետ կստորագրի Ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագիրը 2013 թ.–ի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գագաթնաժողովի» շրջանակում։ Սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց, որ մտադիր է անդամակցել Մաքսային միությանը և մասնակցել եվրասիական ինտեգրման գործընթացին։–0–