ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց բանակին աջակցելու մասին աղմկահարույց օրենքը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի և մի շարք ուղեկցող օրենքների լրացումները, որոնք նախատեսում են Փոխհատուցման հիմնադրամի ստեղծում զոհված զինծառայողների ընտանիքների և վիրավորված զինվորների համար:
Պատգամավորները ընդունել են առաջարկը գրեթե միաձայն` բացառությամբ երեք ընդդիմադիր պատգամավորի, որոնք նախաձեռնությանը դեմ են քվեարկել:
Ինչպես նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրենքի լրացումները ներկայացնելիս, առաջարկվում է հատուկ հիմնադրամ ստեղծել, որը «կվայելի բնակչության վստահությունը, կգործի թափանցիկ և բաց և փոխհատուցումներ կտրամադրի մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին»:
Մասնավորապես, ենթադրվում է, որ մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում նախատեսված է 10 մլն դրամի միանվագ փոխհատուցում, երկրորդ կարգի դեպքում` 5 մլն դրամի փոխհատուցում։
Դրանից հետո առաջին կարգի հաշմանդամները 20 տարիների ընթացքում ապահովագրավճարներ կստանան, ընդ որում` սպայական կազմին կփոխանցվի 300 հազար դրամի ապահովագրավճար, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարային կազմին` 200 հազար դրամ։ Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում ապահովագրավճարը կկազմի, համապատասխանաբար, 200 հազար դրամ, 150 հազար դրամ և 100 հազար դրամ։
«Ծրագրի իրականացման արդյունքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում, սպաներին ընդհանուր առմամբ տրամադրվելու է 82 մլն դրամ, ենթասպաներին` 70 մլն դրամ, իսկ շարքային զինծառայողների ընտանիքներին` 58 մլն դրամ», - ասաց Սարգսյանը:
Նրանց ընտանիքում երեք և ավելի երեխաների առկայության դեպքում ամսական կվճարվի լրացուցիչ 100 հազար դրամ։ Ծրագրվում է, որ համակարգը կներդրվի 2017 թվականի հունվարի 28–ից հետո։
Անդրադառնալով ռեսուրսներին, որ անհրաժեշտ են հիմնադրամի լրացման համար, նախարարը նշեց, որ յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական վճարելու է հիմնադրամին 1000 դրամ, բացի այդ, ակնկալվում են ներդրումներ դրամաշնորհների և նվիրատվությունների տեսքով, ինչպես նաև արժեթղթերի հատուկ թողարկման տեսքով: Առաջին հինգ տարիներին Հիմնադրամի ռեսուրսների կառավարմամբ կզբաղի Հայաստանի Կենտրոնական բանկը:
Փաստորեն, լրացումներով նախատեսվում է ապահովագրական համակարգ ներդնել, համաձայն որի` գումարներ չեն գանձվի նվազագույն աշխատավարձ ստացողներից, ինչպես նաև այն ընտանիքներից, որոնց անդամներից մեկը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում բանակում: Չի բացառվում, որ հետագայում կնախատեսվեն նաև այլ խմբեր, որոնք կազատվեն պարտադիր վճարումներից:
Ներկայացված օրինագիծը բավական թեժ քննարկումներ առաջացրեց խորհրդարանում. պատգամավորները գրեթե երեք օր ներկայացնում էին իրենց դիրքորոշումները, որոնք հիմնականում հանգում են նրան, որ նմանատիպ Հիմնադրամի գործունեությունը Հայաստանում խիստ անհրաժեշտ է, սակայն երկրում նմանատիպ համակարգերի նկատմամբ վստահության պակաս կա, ինչպես նաև առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք անհրաժեշտ է ոչնչացնել` նախաձեռնության լիարժեք գործունեությունն ապահովման համար: -0-