ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը պատմել է ԼՂ հակամարտության ներկա փուլի վերաբերյալ իր երկրի դիրքորոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հիմնախնդրի բոլոր մասնակիցներն ընդունում են ԵԱՀԿ չափանիշները, որոնք հայտնի են որպես «Մադրիդյան սկզբունքներ», երեքշաբթի հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը` մեկնաբանելով լրագրողների խնդրանքով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը։
«Որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ–ն նպաստում է կողմերի միջև երկխոսությանը և երկու երկրների ղեկավարների միջև շփումներին։ Մեր բոլոր երկրներն ընդունում են ԵԱՀԿ ստանդարտները, որոնք հայտնի են որպես «Մադրիդյան սկզբունքներ»։ Առանցքային սկզբունքների թվում են` ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնաորոշման իրավունքը։ Ամեն մի երկիր կարող է ունենալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությունը, սակայն դրանք մնում են առաջնահերթ», – ասաց նա։
Հիշեցնելով, որ Նյու Յուրքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, իսկ Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևը մի քանի բառ են փոխանակել, Քենթը արդյունավետ է համարել այդ հանդիպումները։
Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության այն հարցին, թե նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարքվել է արդյոք Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի շուրջ, Քենթը կրկնել է իր հայտարարությունը Միացյալ Նահանգների դերի մասին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
«Հանդիպման 90 րոպեների ընթացքում մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և այն կարգավորելու ուղիները։ Մեր դերն է միջնորդել կողմերի միջև երկխոսությանը` հաշվի առնելով ԵԱՀԿ կողմից ներկայացված սկզբունքները», – ասել է Քենթը։ –0–