Արարատ Միրզոյանը մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը ՀՀ–ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ՀՀ–ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Լավրովը հուլիսի 31–ի հայտարարել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակն առաջացնում է ՌԴ–ի մտահոգությունը, իսկ տեղի ունեցող իրադարձությունները չեն համապատասխանում երկրի նոր ղեկավարության այն հայտարարություններին, որ նախկին իշխանությունների նկատմամբ հետապնդումներ չեն լինելու։
«Այդ հարցի շուրջ իմ դիրքորոշումն ամբողջությամ համընկնում է ՀՀ ԱԳՆ–ի ձևակերպումների հետ, և ես ավելացնելու ոչինչ չունեմ», – ասաց Միրզոյանը։
Նախօրեին ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվել է, որ երկրում գրանցվող գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան, իսկ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։–0–