Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Ազատության հրապարակում հավաքների անցկացման ժամային սահմանափակումներ են ներդրվել

26.02.2016, 17:04
2016 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 25-ը Ազատության հրապարակում իրականացվելիք հավաքների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կիրառել է ժամային սահմանափակում։
 Ազատության հրապարակում հավաքների անցկացման ժամային սահմանափակումներ են ներդրվել

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2016 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 25-ը Ազատության հրապարակում իրականացվելիք հավաքների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կիրառել է ժամային սահմանափակում, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, ժամը 22:00-ից հետո Ազատության հրապարակում հավաք անցկացնելու իրազեկումներն ի գիտություն չեն ընդունվել:

«Երևանի քաղաքապետի որոշումներում արտահայտված դիրքորոշումների օրինականությունը ստուգված է ՀՀ վարչական դատարանի վարչական գործով ընդունված և ուժի մեջ մտած դատական ակտով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունն արդեն իսկ հայտարարել է, որ գիշերվա ժամերին հավաքի անցկացման վայրերում արձանագրվել են իրավախախտումների դեպքեր, այդ թվում` անչափահասների մասնակցությամբ:

Ոստիկանությունը յոթ մարդ է ձերբակալել, ովքեր ոգելից խմիչք են օգտագործել Երևանի կենտրոնում տեղադրված վրանում>>

«Մեր քաղաքացիներին խնդրում ենք հարգանքով վերաբերվել վարչական ու դատական ակտերի պահանջներին, անտարբեր մնալ անհնազանդություն ցուցաբերելու` կոնկրետ անձանցից հնչող կոչերին: Հիշեցնում ենք, որ նման կոչերն օրինականությունը խախտելու քարոզչության դրսևորումներ են, և ունենալու են իրավական հետևանքներ», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ոստիկանության մամուլի ծառայությունից նաև նշեցին, որ ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում ապահովելու է Երևանի քաղաքապետի` ի գիտություն ընդունված որոշման պայմաններով մեր քաղաքացիների` կարծիք արտահայտելու իրավունքի իրացումը:

«Միաժամանակ՝ իրավախախտումների յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունն արձագանքելու է դրանց հանրորեն վտանգավորության բնույթին համաչափ, այդ թվում` հարկադրանքի կազմակերպված գործադրմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–