Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում

05.02.2018, 11:14
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը։
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում, հաղորդում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։

«Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–