ՀՀԿ–ն Հայաստանի վարչապետի պաշտոնում թեկնածու չի առաջադրի. խմբակցության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը թեկնածու չի առաջադրի ՀՀ վարչապետի պաշտոնում, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
ՀՀ վարչապետի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 24–ին Ազգային ժողովի հատուկ նիստում։
«Վաղը կառավարության ղեկավարի կայանալիք ընտրություններում ՀՀԿ– չի առաջադրի իր թեկնածուին», – ասաց Բաղդասարյանը։
Սահմանադրության համաձայն, կառավարության ղեկավարի հրաժարականից հետո յոթերերդ օրն ավարտվում է վարչապետի պաշտոնում թեկնածուների առաջադրման ժամկետը։ Հաշվի առնելով, որ Փաշինյանն այդ պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16–ին, թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 23–ին, իսկ ԱԺ հատուկ նիստը պետք է նշանակվի հոկտեմբերի 24–ին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 16–ին` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ծրագրվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի կեսին։ -0-