ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու (ԼՐԱՑՎԱԾ)
28.04.2018,
20:01
«Հանրապետական խմբակցությունը կքննարկի բոլոր թեկնածություններն ու մինչև քվեարկություն կներկայացնի իր որոշումը», - ասաց Շարմազանովը:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը մայիսի 1-ի վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու, հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք չենք առաջադրի թեկնածու: Հանրապետական խմբակցությունը կքննարկի բոլոր թեկնածություններն ու մինչև քվեարկություն կներկայացնի իր որոշումը», - ասաց Շարմազանովը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը:Ըստ նրա, որոշումն ընդունվել է Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների կուսակցության ղեկավար՝ Սերժ Սարգսյանի ու նրա տեղակալ՝ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:
«Փոխվել է քաղաքական իրավիճակը. ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամ է: ՀՀԿ-ի համար առաջնայինը ոչ թե կուսակցության, այլ պետության շահն է: Մեզ ուժեղ Հայաստան է պետք», - հայտարարեց Շարմազանովը:
Կուսակցության որոշումը նա բացատրեց բախումից ու անկայուն վիճակից խուսափելու ցանկությամբ: Նաև նրանով, որպեսզի Հայաստանը չկիսվի երկու բևեռների:
Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Վարչապետի նոր ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում: -0-