ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են, այնուհետև տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով խորհրդի նիստը:

Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին, ԵԱՏՄ անդամ-պետություններում ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքին, դեղերի շրջանառության ոլորտին առնչվող փաստաթղթերի փաթեթին, որը սկիզբ կդնի ԵԱՏՄ տարածքում դեղերի միասնական շուկայի ձևավորմանը:

Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցեր՝ պայմանավորված Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության անդամակցությամբ: Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս Մաքսային օրենսգրքի ընդունմանը՝ ընդգծելով, որ դա լուրջ քայլ է Միության իրավապայմանագրային բազայի ամրապնդման ուղղությամբ և այն պետք է հավասարապես կիրառվի ու ընդունվի անդամ- պետություններում:

ԵԱՏՄ անդամ երկրներում ապրանքների հետագծելիության ձևավորման միջոցառումների իրականացմանն առնչվող հարցի համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի առանձնահատկությունները հաշվի առնող մեխանիզմի կիրառումը: Խոսելով դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող փաստաթղթերի մասին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում դեղամիջոցների միասնական սկզբունքների և կիրառման կանոնների արագ հաստատման կարևորությունը, ինչը ԵԱՏՄ երկրներին դուրս կբերի այս ոլորտի ընդհանուր շուկա և դեղարտադրողներին կընձեռի նոր հնարավորություններ, այդ թվում՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու առումով:

Նիստի արդյունքում հավանության են արժանացել վերոնշյալ փաստաթղթերը, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում, ինչպես նաև ստորագրվել է «ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» համաձայնագրին Ղրղըզստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությունը:

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Մինսկում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:43 12.08.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×