ՀՀ վարչապետ. ռուսական 102–րդ ռազմակայանը Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչն է
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսական 102–րդ ռազմակայանը Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչն է, «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանյանը։
«Մենք պայմանագրեր ունենք, այդ պայմանագրերով ռազմաբազան կոնկրետ պարտականություններ ունի։ Դա չի նշանակում, որ մենք ոչ մի խնդիր չունենք`կապված ռազմաբազայի գործունեության հետ։ Սակայն 102–րդ ռուսական ռազմաբազայի առկայությունն այստեղ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին։ Դա, այն չի, որ համապատասպանում է իմ կամ այս կամ այն կառավարության պատկերացումների», – նշել է նա։
ՀՀ վարչապետն ասել է նաև, որ անկախ գրանցված միջադեպերի, ռուս սահմանապահմների ու 102–րդ ռազմաբազայի նկատմամբ ստատուս–քվոն մնում է անփոփոխ։
«Ռուս սահմանապահները պաշտպանում են հայ–թուրքական սահմանը։ Հայաստանին դա շատ է պետք, քանի որ մեզ համար շատ լավ է, որ մեր ԶՈՒ–ն ազատված է այդ պարտականությունից։ Այդ սահմանի պաշտպանությունը մեծ բեռ կլիներ մեր համար», – հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա, նա բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ հանել ռուս սահմանապահներին Հայաստանից, սակայն ոմանք չեն ընկալել այդ հայտարարությունները։
«Ցավոք, իմ այդ հայտարարություններն անտեսվում են որոշ ռուս քաղաքագետների, փորձագետների կողմից», – նշել է նա։
102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողները հուլիսի 17-ին զորավարժություններ են անցկացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղում` վախեցնելով տեղի բնակիչներին ոչ մարտական փամփուշտներից արձակված կրակոցներով: Միջադեպից հետո ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել կատարվածի համար: Հայաստանը կոշտ է արձագանքել միջադեպին։
Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Փանիկում տեղի ունեցածը սադրանք է ընդդեմ հայ–ռուսական բարեկամական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության։
Գյումրիում տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակում։ ՌԴ–ն և ՀՀ–ն 2010 թ.–ի օգոստոսի 20–ին մինչև 2044 թ.–ը երկարացրել է ռազմակայանի տեղակայման պայմանագրի գործողությունը։ Ռազմակայանը զինված է զենիթահրթիռային համալիրներով, ժամանակակից կործանիչներով, ռազմական–տրանսպորտային և հարվածային ուղղաթիռներով։–0–