ՀՀ վարչապետի պաշտոնակատար. մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման Արցախում

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում հրապարակել է տեսանյութ` լուսաբանելով Արցախի շփման գծի արևելյան հատվածի մի շարք զորամասեր կատարած այցը։
«Պետք է արձանագրենք, որ այդ խախտումները (հակառակորդի կողմից հայկական դիրքերի գնդակոծությունները, խմբգր.) մինիմալ են և պետք է արձանագրենք, որ դրանք, ըստ էության, նպատակային չեն, այսինքն կրակոցներ հնչում են, բայց դրանք քանակով շատ ցածր են, ըստ էության մինիմումի են հասած», – նշել է Փաշինյանը` հավելելով, որ առանձին օրերին որոշակի տատանումներ լինում են, հաղորդում է newsportal–ը։
«Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ պայմանավորվածությունները կարելի է ասել` պահպանվում են ոչ ամբողջությամբ, և դա, կարծում եմ, վատ չէ։ Բայց մենք, ամեն դեպքում, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման», – ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին մեկնել էր Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն օպերատիվ կապ հաստատելու շուրջ։–0–