ՀՀ վարչապետը ներկայացրեց խորհրդարանական ուժերի հետ բանակցությունների արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ներկայացրեց ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքները։
«Երկրում քաղաքական ճգնաժամ է, որը հարկավոր է հաղթահարել։ ՀՀԿ խմբակցության, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ–ի ներկայացուցիչները համաձայնվեցին դրա հետ։ Ես առաջարկեցի հետևյալ տարբերակը. առաջիկա օրերին ես կտամ հրաժարական և ակնկալում եմ, որ հանրապետականներն ու մյուս պատգամավորները չեն նյարդայնացնի մարդկանց», – ասաց ՀՀ վարչապետը։
Նա հնարավոր համարեց, որ ՀՀԿ–ն, «Ծառուկյան» դաշինքը կամ ՀՅԴ–ն կարող են առաջարկել վարչապետի իրենց թեկնածուին։ Սակայն նրանք պետք է իմանան, թե դա ինչ արձագանք կառաջացնի մարդկանց շրջանում։
«Սա ռացիոնալ սցենար չէ, որը կառաջացնի, մեղմ ասած, բացասական արձագանք։ Ճիշտ կլինի ստորագրել փաստաթուղթ, ըստ որի` ես հրաժարական կտամ, և երկու անգամ ընտրություններ տեղի չեն ունենա։ Դրա արդյունքում մենք դեկտեմբերին կանցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ հասկացան ժողովրդի ուղերձն ու հարգում են այն։ Նրանք բանավոր վստահեցրեցին ինձ, որ անկախ հուշագրից` չեն պատրաստվում առաջադրել վարչապետի թեկնածու», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հիշեցրեց, որ երկրում քաղաքական ճգնաժամ է, որը պետք է կարգավորվի որքան հնարավոր է շուտ։
«Ճգնաժամի պատճառն այն է, որ ԱԺ–ն չի ներկայացնում երկրի քաղաքացիներին։ Եվ հետևաբար, այդ ճգնաժամը հանգուցալուծելու համար կա միայն մեկ տարբերակ, և դա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է», – նշեց ՀՀ վարչապետը։
Նա նաև ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերի առաջին կեսին։ Ընտրությունների հետաձգումը միայն երկարացնում է ճգնաժամը։ Միաժամանակ, նա չբացառեց նաև, որ ընտրությունների կարող են անցկացվել ավելի շուտ, օրինակ` նոյեմբերին։ ՀՀ վարչապետը նաև ասաց, որ կարևոր է պատշաճ մակարդակով անցկացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։
«Եթե ես անգամ հրաժարական տամ, ապա կշարունակեմ կատարել վարչապետի պարտականությունները, և ամեն ինչ կանցկացվի պատշաճ մակարդակով։ Ես պետք է խորհրդակցեմ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երկրների ղեկավարների հետ», – ասաց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով, այսօր ակնհայտ դարձավ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը համազգային, համաժողովրդավարական պահանջ է։ «Նրանք, ովքեր դեմ են, պատերազմ են հայտարարում սեփական ժողովրդին», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
«Այս ուղերձը հասկանալի է ՀՀԿ–ի, «Ծառուկյանի» և ՀՅԴ–ի մեր գործընկերներին», – նշեց ՀՀ վարչապետը` հավելելով, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
«Ինձ թվում է, որ նա որևէ քայլ չի ձեռնարկի ժողովրդի դեմ։ Սակայն նա Նյու Յորքում է։ Կարծում եմ` Երևան վերադառնալուց հետո Արմեն Սարգսյանը ևս կցանկանա բանակցել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ», – պարզաբանեց նա։
Առաջիկա ծրագրերի թվում Փաշինյանը նշեց նախարարների և մարզպետների նշանակումը։
ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք թույլ կտան պատգամավորներին ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից։
Օրինագծին «կողմ» քվեարկեցին ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները, դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը։
Ըստ փոփոխությունների, եթե ԱԺ նիստը չի կարող անցկացվել քվորումի բացակայության պատճառով կամ ստեղծվում են խոչընդոտներ նիստին պատգամավորների մասնակցության համար, ապա առաջարկվում է դադարեցնել նիստն ու շարունակել խոչընդոտող հանգամանքների վերացումից հետո։ Ինչպես կարծում են օրենքի հակառակորդները, այդ կերպ ՀՀԿ–ն և օրինագծին աջակցող քաղաքական ուժերը փորձում են ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից և ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումից։ Խնդիրն այն է, որ ըստ ԱԺ կանոնակարգի, եթե պատգամավորները երկու անգամ չքվեարկեն վարչապետի թեկնածուի օգտին, ապա ԱԺ–ն արձակվում է օրենքի ուժով։–0–