Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ևս մեկ անգամ կհանդիպեն մինչև տարեվերջ. ԵԱՀԿ ՄԽ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկի հետ միասին հանդես են եկել հայտարարությամբ` ամփոփելով հոկտեմբերի 29–ից մինչև նոյեմբերի 2–ը կայացած տարածաշրջանային այցի արդյունքները։
«Այցի գլխավոր նպատակն էր քննարկել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների զրույցի արդյունքները, որը տեղի էր ունեցել սեպտեմբերին Դուշանբեում` ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում, սահմանել հետագա քայլերը ղարաբաղյան հակամարտության գործընթացում և տեղում ամփոփել ընդհանուր իրավիճակը», – նշվում է միջնորդների հայտարարության մեջ։
Համանախագահները Երևանում հոկտեմբերի 29–ին հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և նոյեմբերի 1–ին Բաքվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Երկու մայրաքաղաքներում էլ ՄԽ համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հետ։
«Հոկտեմբերի 30–31–ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի դե–ֆակտո իշխանությունների հետ և այցելել Քելբաջար ու Աղդամ։ Հոկտեմբերի 31–ին նրանք մասնակցել են ԵԱՀԿ հրադադարի դիտարկման առաքելությանն Աղդամի մոտակայքում։ Բաքվում համանախագահները հանդիպել են հակամարտությունից տուժած ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։ Տարածաշրջանային այցի շրջանակում համանախագահներն իրավիճակը քննարկել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) և ՄԱԿ–ի գերագույն հանձնակատարի փախստականների հարցերով վարչության (UNHCR) ներկայացուցիչների հետ», – նշվում է հայտարարության մեջ։
Համանախագահների հետ հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները վերահաստատել են, որ բռնության մակարդակը զգալիորեն նվազել է այն բանից հետո, երբ սեպտեմբերին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ կողմերը վերահաստատեցին, որ պատրաստակամ են նվազեցնել լարվածությունը։
«Խորհրդակցությունների ընթացքում միջնորդները լրացուցիչ տեղեկատվություն են ստացել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին, որոնք, մասնավորապես, կապված են ուղիղ կապի հաստատման հետ։ Համանախագահները ողջունել են այդ քայլերը` բարձր գնահատելով այն փաստը, որ կողմերը ձեռնարկել են կառուցողական միջոցներ», – նշվում է հայտարարության մեջ։
Համանախագհաները կարևորել են նաև վստահության մթնոլորտի պահպանումը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ինտենսիվ բանակցությունների համար։
Արտգործնախարարները պայմանավորվել են մինչև տարեվերջ կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Համանախագահները մոտ ապագայում մտադիր են մեկնել Վիեննա` ԵԱՀԿ Մշտական խորհրդին և ՄԽ անդամներին տեղեկատվություն տրամադրելու համար։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-