Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրը

24.08.2017, 00:31
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում այսօր Սոչիում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել  են երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրը
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է հայկական պետության նախագահի մամուլի ծառայությունը:

Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգն ում համագործակցությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: 

Նախագահներ Սարգսյանը և Պուտինը անդրադարձել են նաև ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի:

«Հարգելի՛ Սերժ Ազատի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Այս տարի մենք նշում ենք լավ տարեդարձներ մեր համագործակցության շրջանակներում. լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և մի քանի օրից՝ օգոստոսի 29-ին, կլրանա առանցքային՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը»,- ասել է ՌԴ նախագահ Պուտինը:

Նրա խոսքով, այս ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են: 

Պուտինն ընդգծել է, որ պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, ընթանում է երկկողմ համագործակցություն և՛ տնտեսական, և՛ անվտանգության, և´ ռազմական ոլորտներում: 
«Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել և զրուցել այս բոլոր հարցերի շուրջ»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր ռուսաստանցի գործընկերոջը հրավերի համար, ավելացնելով, որ ուրախ է հերթական հանդիպման համար:

«Իսկապես, մենք մի քանի օրից նշելու ենք Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Հետագա տարիները դարձան մեր միջպետական հարաբերությունների զարգացման ակտիվ շրջան»,- ասել է նա:

Նախագահի խոսքով, հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում արդյունավետ համագործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արգասաբեր համագործակցությամբ: 

Սարգսյանը փաստել է, որ երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն ինտենսիվ զարգացում են ապրում: Նա նշել է, որ նախորդ տարի գրանցվել է առևտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ: 

«Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում այն ավելացել է գրեթե 24 տոկոսով: Մշտական է մեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների միջև կապը: Մշտապես զարգանում է նաև միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում համագործակցությունը»,- ասել է երկրի ղեկավարը:

«Այս ամենին, իհարկե, նպաստում են բարձրագույն և բարձր մակարդակներում մշտական այցերը: Այս տարի Հայաստանում եղել են Ռուսաստանի Դաշնության Դումայի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ես եմ Մոսկվայում եղել պաշտոնական այցով, մեր խորհրդարանի նախագահը, վարչապետը»,- նշել է Սարգսյանը, ավելացնելով, որ աշնանը Հայաստանում սպասում ենՌուսաստանի վարչապետի, արտաքին գործերի նախարարի, նախարար Մանտուրովի այցին:

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ կայացան երեք կարևորագույն երկկողմ հանձնաժողովների նիստերը՝ ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և խորհրդարանական համագործակցության: 

«Աշնանը Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի օրերը: Շատ կարևոր է, որ այս օրերի շրջանակներում անցկացվելիք միջոցառումները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանի մայրաքաղաքով, միջոցառումներ կանցկացվեն Ռուսաստանի 13 քաղաքներում:
Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել անտառային հրդեհների մարման ուղղությամբ ցուցաբերված օգնության համար»,- ասել է Հայաստանի նախագահը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ՌԴ ղեկավարին: -0-