Հայաստանը միջազգային աջակցություն կստանա դատական համակարգը բարելավելու համար. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի դատական համակարգի բարեփոխման գործում միջազգային հանրության ոչ միայն մասնագիտական, այլ նաև ֆինանսական աջակցությունը ստանալը հնարավոր կդառնա շնորհիվ դատարանների մուտքերը և ելքերը արգելող ակցիայի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` մեկնաբանելով երկուշաբթի ՀՀ դատարանների մոտ իրականացված ակցիան:
«Հիմնական նպատակն է` բարեփոխումների իրականացումն այդ ոլորտում: Ավելի հստակ կդառնա այդ օրակարգի ձևակերպումը Ազգային ժողովում: Ակցիան համարում եմ կայացած, քանի որ միջազգային հանրությունը կմատուցի մեզ ինչպես մասնագիտացված, այնպես էլ ֆինանսական աջակցություն», - ասաց Գրիգորյանը` նշելով, որ անցկացված ակցիան դրական գնահատական է ստացել միջազգային հանրության կողմից:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով աղմկահարույց դատական գործընթացը մայիսի 18–ին նոր թափ ստացավ դատավոր Դավիթ Գրիգորյանի ընդունած որոշումից հետո։
Մայիսի 18–ին, Գրիգորյանը, քննելով Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու հարցը, որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին` Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։ ԶԼՄ–ների տվյալներով, Սահակյանն ու Ղուկասյանը որպես գրավ վճարել են 500 հազարական դրամ (ավելի քան 1000 դոլար)։
Հիշեցնենք, որ կիրակի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով մայիսի 20–ին արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։
«Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել էր ՀՀ վարչապետը։
Երկուշաբթի առավոտյան ժամը 08։30–ից ակտիվիստները սկսել էին արգելափակել բոլոր դատարանների մուտքն ու ելքը։ Ժամը 12։00–ին վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտության ժամանակը։
Այդ առումով միջազգային կառույցների հայտարարությունների համատեքստում, միանշանակ աջակցություն հայտնեց Հայաստանում ԵԽ առաքելության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Միաժամանակ ԱՄՆ դեսպանատունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին` անկախ դատական համակարգի ամրապնդման գործում: -0-