Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ ադրբեջանական կողմից գնդակոծության վերաբերյալ. ո՞ւմ է դիմել ՀՀ–ն
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ` Ադրբեջանի կողմից գիշերվա գնդակոծության հարցով, երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Երկուշաբթի առավոտյան հայկական տարբեր ԶԼՄ–ներում Տիգրան Բալայանին հղումով տեղեկատվություն էր տարածվել, թե Հայաստանի սահմանամերձ շրջանների` Ադրբեջանի կողմից պարբերաբար գնդակոծության պատճառով երկրի արտգործնախարարությունը դիմել է տարբեր միջազգային կազմակերպություններ, այդ թվում` ՀԱՊԿ։
«Մենք հայտնել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ինչպես նաև այլ կառույցներին սահմանում վերջին շրջանում տիրող իրավիճակի մասին։ Մենք չենք դիմել ՀԱՊԿ», – ասաց Բալայանը։
Միաժամանակ նա հայտնեց, որ եթե լինի տվյալ կառույցների պաշտոնական արձագանքը, ապա այն կհրապարակվի։ Բալայանը նշեց նաև, որ ՀՀ ԱԳՆ–ն պարբերաբար տեղեկացնում է այդ կառույցներին հայկական տարածքների գնդակոծության դեպքում։
Ինչպես այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Ադրբեջանի ԶՈւ–ն կիրակի լույս երկուշաբթի գիշերը կրկին կրակ է արձակել Հայաստանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ։ Ըստ նրա, Տավուշի մարզի շրջանում կրկին հնչել են կրակոցներ, սակայն ոչ այնքան ակտիվ, որքան վերջին օրերին էր։ -0-