Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անվտանգ կարող է ապրել բացառապես Ադրբեջանի կազմից դուրս. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անվտանգ կարող է ապրել բացառապես Ադրբեջանի կազմից դուրս, այս մասին համաարաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ որպես Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանի համար սա եղել և մնում է ամենակարևոր հարցերից մեկը։
«Իսկ այդ անվտանգությունը կարող է ապահովվել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս: Որևէ մեկի համար հիմա կասկած չկա․ եթե ինչ-որ մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Այնպես որ, ամենակարևորը նա է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից՝ սա է կարևորը», - ընդգծել է Հայաստանի նախագահը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը։
Թեև տարածաշրջանը աշխարհագրական առումով ընդարձակ չէ, այդուհանդերձ, այստեղ խաչվում են տարբեր շահեր, ինչը չի կարող չազդել հակամարտությունների վրա, ասել Սերժ Սարգսյանը` միևնույն ժամանակ շեշտելով՝ եթե անգամ ամբողջ աշխարհը փորձի համոզել, Ղարաբաղի ժողովուրդը երբևէ չի համաձայնի ապրել Ադրբեջանի կազմում։
Նախագահը հայտարարել է, որ կարգավիճակի հարցում վերջնական որոշում կայացնողը լինելու է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ ելնելով ազգերի ինքնորոշման ու ազատ կամարտահայտության իրավունքի սկզբունքից, ու Ադրբեջանը պարտավոր կլինի հարգել այդ որոշումը։
«Անշուշտ, առաջին հերթին կամքը Լեռնային Ղարաբաղում ապրողներինն է, թե նրանք ինչպիսի կարգավիճակում կուզենան ապրել՝ լինեն անկախ պետությո՞ւն, թե՞ միացած լինեն Հայաստանի Հանրապետությանը։ Ինձ համար ամենից կարևորը այն է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովված լինի, որպեսզի նրանք կարողանան ապրել իրենց պատմական հայրենիքում այնքան, ինչքան այս աշխարհը գոյություն կունենա», – ընդգծել է ՀՀ նախագահը։
Ծավալուն՝ մոտ մեկ ժամ տևած հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը խոսել է նաև Հռոմի Պապի այցի ու Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժեր ստեղծելու համաձայնագրի մասին։
Նա վստահեցրել է, որ ռազմավարական դաշնակցի հետ պաշտպանական նոր համակարգի ստեղծմամբ ազգային ՀՕՊ ուժերը չեն վերանալու, իսկ համաձայնագրից Հայաստանը կարող է միայն օգուտ քաղել, եթե երկրում տեղակայվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր հակաօդային համակարգեր։–0–