Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Նալբանդյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փոփոխությունը չի ազդի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների վրա

31.01.2017, 19:20
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փոփոխությունը չի ազդի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների վրա, երեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նալբանդյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փոփոխությունը չի ազդի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների վրա

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փոփոխությունը չի ազդի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների վրա, երեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

2016 թ.–ի վերջում ԵԱՀԿ ՄԽ–ի կազմում տեղի ունեցան փոփոխություններ։ Նոր ֆրանսիացի համանախագահն է Ստեֆան Վիսկոնտինը, իսկ ԱՄՆ–ից համանախագահ է նշանակվել Ռիչարդ Հոգլանդը։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արտահայտում են իրենց երկրների դիրքորոշումները և կարծում եմ, որ անձերի փոփոխությունը էական ազդեցություն չի ունենա միջնորդական ջանքերի և գործընթացների վրա», – նշեց Նալբանդյանը։

Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ չնայած Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է տարբեր մակարդակներով հանդիպումներից, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացն այլընտրանք չունի։

«Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ համատեղ կշարունակի ջանքերը կարգավորման այնպիսի տարբերակ ապահովելու համար, որը կապահովի Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, և այդ պատճառով հարկավոր է շարունակել բանակցությունները», – նշեց Նալբանդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։–0–