Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Օսկանյանը ստեղծում է «Համախմբում» նոր քաղաքական կուսակցությունը

27.04.2016, 13:09
ՀՀ նախկին արտգործնախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանը ստեղծում է «Համախմբում» նոր քաղաքական կուսակցությունը։
Օսկանյանը ստեղծում է «Համախմբում» նոր քաղաքական կուսակցությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ նախկին արտգործնախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանը ստեղծում է «Համախմբում» նոր քաղաքական կուսակցությունը, նշվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։

Այժմ «Համախմբում» նորաստեղծ կուսակցության նախաձեռնողները պատրաստվում են հիմնադիր համագումարին։

Հայտարարության մեջ նշվում է, որ կուսակցությունը ստեղծվում է պատմական մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգության ապահովման և ներքին լուրջ փոփոխությունների անհրաժեշտության առաջ։ Այսօր, անհրաժեշտ է նոր՝ համախմբման պոտենցիալ ունեցող ուժ:

«Մենք ոչ թե հերթական, այլ առանցքային քաղաքական ուժ դառնալու հայտ ենք ներկայացնում։ Այս նոր ուժի հաղթանակը կլինի մեր հանրության հաղթանակը՝ ներքին ու արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու միջոցով», – նշվում է հայտարարության մեջ։ 

Նախաձեռնության հեղինակների կարծիքով` նոր կուսակցության անհրաժեշտությունը կար մինչև ապրիլյան չորսօրյա պատերազմը։ Առավել ևս՝ այդ անհրաժեշտությունը կա պատերազմից հետո, երբ շատերի համար ավելի տեսանելի դարձան բոլոր այն արատները, որոնք հարվածում են Հայաստանի անվտանգությանն ու խանգարում կայուն զարգացմանը։ 

Կուսակցության հիմնադիրները համոզված են, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ևս էական վերանայման կարիք ունի։ Հայաստանը որակապես նոր հարաբերություններ պետք է հաստատի արտաքին աշխարհի հետ` հանդես գալով որպես ինքնուրույն, ինքնիշխան, իրավահավասար, վստահելի գործընկեր՝ առաջնորդվելով պետական շահի մշտական գիտակցմամբ, անմասն չմնալով և օգուտ քաղելով միջազգային կարևոր զարգացումներից:

«Մենք լուրջ պոտենցիալ ենք տեսնում Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ԱՄՆ նոր որակի հարաբերությունների զարգացման համար: Անհրաժեշտ է տարածաշրջանային համագործակցության նոր հայեցակարգ և հատկապես Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների նշաձողի բարձրացում»,– նշվում է հայտարարության մեջ։

Նախաձեռնող խմբի անդամների կարծիքով` լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստան-Սփյուռք նոր տիպի հարաբերությունների, նոր օրակարգի ստեղծման համար:

«Մենք ցանկանում ենք քաղաքական նոր բևեռի ստեղծման միջոցով հանրությանը տալ այլընտրանքի և քաղաքական վիճակը փոխելու իրական հնարավորություն», – նշվում է հայտարարության մեջ։

Նախաձեռնող խմբի անդամներն են Վարդան Օսկանյանը (ՀՀ ԱԺ պատգամավոր), Անդրանիկ Թևանյանը («Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու), Էլինար Վարդանյանը (ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ), Ստեփան Մարգարյանը (ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ), Վահե Հովհաննիսյանը (ՀՀ ԱԺ պատգամավոր) Երվանդ Բոզոյան (քաղաքագետ), Մանվել Եղիազարյանը («Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատար), Գեղամ Նազարյանը (քաղաքագետ), Վահան Ղույումչյանը (հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ), Ռուբեն Կարապետյանը (ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Վահե Հախվերդյանը (ռեժիսոր), Նինա Մարգարյանը (քաղաքագետ), Վարդան Թովմասյանը (գործարար), Արտակ Բշտիկյանը (քաղաքական մեկնաբան, արևելագետ)։–0–