ՊԵԿ–ը կրկին կառանձնացվի ՀՀ ֆինանսների նախարարության կազմից

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն առաջիկայում կրկին կառանձնացնի պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ֆինանսների նախարարության կազմից և այն կդարձնի կառավարությանն առընթեր մարմին, գրում է «Ժողովուրդը»։
Թերթի տեղեկություններով` ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության կառույցից հանելուց հետո ֆինանսների նախարար կնշանակվի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ Գաբրիելյանը մեկ անգամ արդեն զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը 2012 թվականի հունիսից 2013 թվականի մայիսը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ֆինանսների նախարարության կազմից հանելուց հետո այդ կառույցի ղեկավարի պաշտոնում հավանաբար կնշանակվի Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, գրում է թերթը։
«Առայժմ անհայտ է մնում, թե ՀՀ ֆինանսների գործող նախարար Գագիկ Խաչատրյանն ինչ պաշտոնի կտեղափոխվի: Բացառված չէ, որ նա ևս կհամալրի Սերժ Սարգսյանի խորհրդականների շարքը՝ դառնալով 9-րդը», նշում են հոդվածի հեղինակները։–0–