Փաշինյանը մեկնաբանել է ՌԴ դիրքորոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինանը մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցում:
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Աստանայում նոյեմբերի 8-ին քննարկել են նոր գլխավոր քարտուղարի հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցը արդիական է դարձել հոկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի դեկտեմբերի 6-ին կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա Սանկտ Պետերբուգում, մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատար է մնում Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:
«Ռուսաստանի դիրքորոշումն այս պատմությունում որակում եմ որպես խիստ կառուցողական», - ասաց Փաշինյանը` չմանրամասնելով:
ՀԱՊԿ գործող նախագահող երկիր Հայաստանը պնդում է իր ներկայացուցչի նշանակման վրա, քանի որ Յուրի Խաչատուրովը զբաղեցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնն ժամկետի միայն կեսը (Հայաստանի պաշտոնավարման ժամկետը լրանում է միայն 2020 թ.-ին): Դրա հետ համաձայն չէ, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով առաջարկել է փոխանցել գլխավոր քարտուղարի լիազորություններն իր երկրին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1–ի գործի շրջանակում։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Որպես մեղադրյալ ներգրավվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում։-0-