Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

ՌԴ ԱԳ նախարարը, խոսելով ղարաբաղյան հակամարտության սրման մասին, մատնանշեց երեք կողմերը

22.04.2016, 18:16
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ուրբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության սրման մասին, մատնանշեց երեք կողմերը` Հայաստանը, Ադրբեջանն ու ղարաբաղցիներին։
ՌԴ ԱԳ նախարարը, խոսելով ղարաբաղյան հակամարտության սրման մասին, մատնանշեց երեք կողմերը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ուրբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության սրման մասին, մատնանշեց երեք կողմերը` Հայաստանը, Ադրբեջանն ու ղարաբաղցիներին։

«Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը», – Լավրովի խոսքերը մեջբերում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Մենք փորձել ենք, փորձում ենք և կփորձենք օգնել համանախագահների՝ ամերիկացիների, ֆրանսիացիների հետ միասին», – նշել է Լավրովը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

«Մենք ունենք միասնական դիրքորոշում, և ինչպես հասկանում եմ, Հայաստանը սատարում է այդ դիրքորոշմանը, որ համանախագահների եռյակը` ԵԱՀԿ-ի հետ միասին պետք է շարունակի իրականացնել հիմնական համակարգողի գործառույթը՝ համապատասխան այն մանդատի, որը կողմերը համաձայնել են տրամադրել այդ մեխանիզմին: Եվ մենք չենք ողջունում զուգահեռ ինչ-որ ուղիներ փնտրելու, մեխանիզմներ ստեղծելու փորձերը, որոնք չեն վայելում բոլոր կողմերի վստահությունը», – ասել է Լավրովը։ 

Նրա խոսքով` դա միայն կշեղի հիմնական խնդրից՝ ապահովել անվտանգություն, թույլ չտալ նոր զոհեր և, այնուամենայնիվ, ստեղծել քաղաքական գործընթացի վերսկսման համար պայմաններ։

Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը նշել է, որ իր համար չափազանց կարևոր է Լավրովի տեսակետը։ «Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։


Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-