Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան, նշվում է փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:
Նշված դրույթը ինքնին չի հստակեցնում, որ Վճռաբեկ դատարանի այդ լիազորությունը որևէ կերպ չի վերաբերում և չի կարող վերաբերել ՀՀ Սահմանադրության նորմերի միատեսակ կիրառության ապահովմանը, քանի որ նշված առարկան կարգավորում է Սահմանադրական դատարանի կողմից: Միաժամանակ իրավակիրառ պրակտիկան նշված նորմի ձևակերպման արդյունքում զարգացել է այնպես, որ Վճռաբեկ դատարանը՝ որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, դիտարկում է սահմանադրական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և հենց իր որոշմամբ էլ լուծում է նման վեճերը:
«Միաժամանակ, փաստաբանական խումբն այս պահին քննարկում է նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում», – նշվում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Հեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սակայն դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանի նիստի արդյունքում նա կրկին կալանավորվեց։ Դեկտեմբերի 28–ին դատարանը հետաձգեց Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը, այն կքննվի այսօր` հունվարի 9–ին։–0–