Քաղաքագետ. Սարգսյան–Պուտին հանդիպումից հետո չարժե ակնկալել իրավիճակի կտրուկ փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո չարժե ակնկալել իրավիճակի կտրուկ փոփոխություն, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումն անցկացվում է մարտի 10–ին Մոսկվայում։
«Չարժե ակնկալել առանձնահատուկ որոշումներ, որոնք կտրուկ կփոխեն իրավիճակը։ Սա աշխատանքային այց է, որի ընթացքում կողմերը կփորձեն լուծել հարցերն իրենց համար առավել շահավետ միջոցներով։ Հայաստանի համար հիմնական հարցերից մեկը կլինի Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի սակագների վերանայումը», – ասաց Մելիք–Շահնազարյանը։
Նրա կարծիքով` հանդիպումը տրամաբանական ու համահունչ է հայ–ռուսական հարաբերություններում գրանցվող վերջին զարգացումներին։ Կքննարկվեն ռազմական, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։
«Հանդիպման գլխավոր թեմաներից կդառնան հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացները։ Օրակարգը հագեցած է, խնդիրները` բազմաթիվ, և ես կարծում եմ, որ բոլոր հարցերը կքննարկվեն աշխատանքային ռեժիմով», – ասաց Մելիք–Շահնազարյանը։
Նրա խոսքով` երկկողմ համագործակցության ծրագրերի հաջող իրականացումն արդեն իսկ կարևոր արդյունք է։
Առաջիկա հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրաներդրումային, էներգետիկ և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության առանցքային թեմաները, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները։ Նախատեսվում է քննարկել նաև ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր։ –0–