Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Տաջիկստանի նախագահ. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով

14.06.2017, 20:53
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, չորեքշաբթի ասաց Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
Տաջիկստանի նախագահ. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, չորեքշաբթի ասաց Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ ճեպազրույցի ընթացքում։

Տաջիկստանի նախագահը հունիսի 14–15–ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։

«Ելնելով մեր խաղաղարար փորձից` մենք հայտարարում ենք, որ հետամուտ ենք գոյություն ունեցող տարաձայնությունների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքին համընդհանուր միջազգային նորմերի և չափորոշիչների շրջանակում։ Բանակցությունները, մեր համոզմամբ, ամենակառուցողական ուղին են Լեռնային Ղարաբաղի նման բարդ խնդրի լուծման հարցում», – ասաց Ռահմոնը։ 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը` նշելով, որ հանրապետությունը հետամուտ է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ–ի կանոնադրության դրույթների հիման վրա, որոնք հավասարապես վերաբերում են ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի սկզբունքներին, պետության տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։

Նա նշեց, որ հանդիպման ընթացքում կարևորվել է պայմանավորվածությունների իրականացման հարցը, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրումը թույլ չտալուն, իրադրության կայունացմանն ու պայմանների ստեղծմանը խաղաղ գործընթացի համար։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ 

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-