Թրամփն ակնկալում է համատեղ աշխատանք ՀՀ վարչապետի հետ բազմաթիվ ոլորտներում
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ ընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ համատեղ աշխատանք մեր երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ունեցող բազմաթիվ ոլորտներում, որոնց թվում են առևտրային հարաբերությունների զարգացումը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը և տարածաշրջանային անվտանգությունը», – նշվում է Թրամփի շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատան Facebook–յան էջում։
Թրամփի խոսքով, առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, բոլոր քաղաքական կուսակցությունների համախմբումն ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող են նպաստել դրան, ինչպես նաև երաշխավորել Հայաստանի պայծառ ապագան։
«Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին», – նշվում է Թրամփի ուղերձում։–0–