Վիգեն Սարգսյանը ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում կկիրառվեն «Իսկանդերները»

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը «Իսկանդերների» կիրառման մասին որոշում կընդունի` կախված իրավիճակի զարգացումից, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Կարող եմ ներկայացնել ալգորիթմը։ Այս զենքի նշանակությունն ու պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ այն կկիրառվի։ Համապատասխանաբար, «Իսկանդերների» կիրառման մասին որոշումը սերտորեն կապված կլինի իրավիճակի զարգացման հետ», – նշել է նախարարը։
Սարգսյանի խոսքով, ամեն դեպքում հայկական կողմը «Իսկանդերներին» վերաբերում է որպես երաշխավորված հարվածի զենք, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ «Այն, առաջին հերթին, զսպման զենք է։ Ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել մոտեցումների վերանայում, սակայն այդ զենքն իր գաղափարախոսությամբ, հնարավորություններով պետք է ստիպի, որպեսզի ցանկացած «տաք գլուխ սառի» որոշումներ ընդունելիս», – նշել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ գրում էին, որ Հայաստան մատակարարված «Իսկանդերները» նախկինի պես պատկանում են Ռուսաստանին։
Այս կապակցությամբ Սարգսյանն ընդգծել է, որ այդ հրթիռային համալիրները պատկանում են Հայաստանի զինված ուժերին, և դրանք կառավարում են հայկական ԶՈւ–ի սպաները, որոնք հատուկ պատրաստվածաություն են անցել։
«Այն, որ «Իսկանդերները» մատակարարվել են և Հայաստանում են, իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, քանի որ բոլորը տեսել են։ Այն, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին, նույնպես կարող եմ հաստատել 100 տոկոսանոց համոզվածությամբ։ Այստեղ ևս որևէ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ինչ վերաբերում է մնացած բոլոր հարցերին` ե՞րբ, ի՞նչ գումարով, վճարման ի՞նչ ժամկետով և այլն, ապա, ինչպես հասկանում եք, այս ամենը խիստ գաղտնի է», – նշել է նախարարը։–0–