ՀՀ ոստիկանությունն ավարտել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընտրացուցակների ստուգումը

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի Հայաստանում դեկտեմբերի 6–ին։ Այն նախատեսում է անցում խորհրդարանական իշխանավարման կարգին։
«Ընտրացուցակները կազմվում են ընտրողների ռեգիստրի հիման վրա, որն իր հերթին հիմնված է Բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա։ Տարբեր հասցեներով միևնույն մարդու հաշվառումը բացառված է», – ասաց Բիչախչյանը։
Նա հայտարարեց, որ հանրաքվեից 30 օր առաջ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 մլն 554 հազար 332 մարդ, այն դեպքում, երբ Բնակչության պետական ռեգիստրում ընդհանուր առմամբ հաշվառված է 3 մլն 317 հազար 965 մարդ։
Նրա խոսքով` ՀՀ ոստիկանությունը ստուգել է հնարավոր չարաշահումների մասին բոլոր ազդանշանները, ձեռնարկված են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ «Ռեգիստրում կա 218 մարդ, որոնք ունեն ամբողջությամբ նույնական տվյալներ։ Այդ անձանց տվյալներն առանձնացված են առանձին ցուցակում և համալրված են լուսանկարներով», – ասաց Բիչախչյանը։
Նա նաև ցրեց ընդդիմության մտավախություններն այն մասին, որ մոտ 182 հազար քաղաքացիներ, որոնք ունեն ID քարտեր, կկարողանան մի քանի անգամ քվեարկել հանրաքվեի ժամանակ։
ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 29–ին առաջին ընթերցմամբ ընդունել է Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, որոնք թույլ են տալիս քվեարկության ժամանակ անձնագրերի փոխարեն օգտագործել ID քարտերը։ Երկրորդ ընթերցմամբ այս փոփոխությունների ընդունումը նախատեսվում է խորհրդարանի հաջորդ նիստի ժամանակ։–0–