Երևանը Մոսկվայից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ–ին պետական արտահանման վարկ (100 մլն դոլարի) տրամադրելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով (2023–2037 թթ.), միաժամանակ Հայաստանը վարկային միջոցներից պետք է օգտվի 2018–2022 թթ.–ին։
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ հայկական կողմը վարկն օգտագործում է հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչև 90 տոկոսի ֆինանսավորման համար։ Կանխավճարային վճարումները կազմում են յուրաքանչյուր պայմանագրի արժեքի ոչ պակաս քան 10 տոկոսը։
Փաստաթղթում նաև նշվում է, որ համաձայնագիրն ուղղված է երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
2015 թ.–ի հունիսին ստորագրվել էր համաձայնագիր ՌԴ–ի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի պետական արտահանման վարկ տրամադրելու մասին` ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար։ Վարկը տրամադրվել է 13 տարով` 3 տարի արտոնյալ ժամկետով և տարեկան 3% տոկոսադրույքով։ Վարկի շրջանակում Հայաստանը ՌԴ–ից գնում է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ռազմամթերք, «Իգլա–Ս» զենիթահրթիռային համալիրներ և այլ տեխնիկա։–0–