Երևանը մեկնաբանել է Լավրովի խոսքերը ԼՂ հակամարտության կարգավորման` «սեղանի վրա գտնվող» պայմանավորվածությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման` «սեղանի վրա գտնվող» պայմանավորվածություններին։
Լավրովը հինգշաբթի Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ուշադրություն է դարձնում ղարաբաղյան խնդրին, նախարարների մակարդակում կազմակերպվում են կանոնավոր հանդիպումներ, և «մենք մոտ ենք դրանց ձեռքբերմանը»։
«Բանակցությունների սեղանին է 2011 թ.–ին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը։ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել այն, չնայած, որ այն նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմաթիվ անգամ խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ալիևը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև) ներկայացրել է տասը նոր առաջարկներ և փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը», – ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Լավրով>>
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 33 զոհ, մոտ 121–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 25–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–