Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Զոհրաբ Մնացականյան. Լեռնային Ղարաբաղը հստակ միավոր է՝ իր տարածքով, իր բնակչությամբ, իր կառույցներով, իր պետական համակարգով, որը դժվար թէ հնարավոր է արհամարհել

04.06.2018, 14:27
«Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն այս խաղաղ կարգավորման գործընթացում», – հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Զոհրաբ Մնացականյան. Լեռնային Ղարաբաղը հստակ միավոր է՝ իր տարածքով, իր բնակչությամբ, իր կառույցներով, իր պետական համակարգով, որը դժվար թէ հնարավոր է արհամարհել

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն այս խաղաղ կարգավորման գործընթացում, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրում։

«Գործընթաց, որն ունի բավական երկար պատմություն, և այդ պատմության մեջ եղել և մնում է մեկ հստակ իրողություն, որ Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն այս խաղաղ կարգավորման գործընթացում: Որոշիչ ձայնը, ինձ թվում է, որևէ նորություն չի որևէ մեկի համար, որ Լեռնային Ղարաբաղն ունի այդ որոշիչ ձայնը, որովհետև ի վերջո հակամարտությունը նույն եռանախագահների ձևակերպմամբ կոչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն՝ «Nagorno-Karabakh conflict»: Լեռնային Ղարաբաղը դա հստակ, այսպես ասենք, զգույշ ասենք, միավոր է՝ իր տարածքով, իր բնակչությամբ, իր կառույցներով, իր պետական համակարգով, իր ամեն ինչով, միավոր է, որը դժվար թէ հնարավոր է արհամարհել»,– նշել է ԱԳ նախարարն ու հավելել, որ Ղարաբաղի որոշիչ ձայնն ի սկզբանե հստակ եղել է այս ամբողջ գործընթացի հիմքում:

«Եվ Լեռնային Ղարաբաղը եղել է հակամարտության տարբեր շրջաններում, իր ստորագրությունը դրված է զինադադարի պայմանագրում, և այս ամենը արհամարհելը… սա իրողություններն են, և այս ամենը մենք տեղավորում ենք նաև բանակցային գործընթացի մեջ, որովհետև բանակցային գործընթացում մենք եղել և մնում ենք բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման կողմնակից՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», – հայտարարել է Մնացականյանը։
  
Նա նաև շեշտադրել ևս մեկ հանգամանք, որ այս ամենի համար էական, կենսական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտը:

«Եվ շատ մտահոգիչ են այն բազմաթիվ տարբեր ձևակերպումները, հայտարարությունները, կոչերը, որոնք նպաստում են ամբողջովին հակառակ բանի», – ընդգծել է ԱԳ նախարարը։

Նրա խոսքով, մենք ներկայումս գտնվում ենք այն փուլում, երբ որ ձևավորում ենք հիմքերը՝ շարունակելու բանակցային գործընթացը:

«Այո, Դուք, վստահ եմ, արդեն ուշադրություն դարձրել եք, նկատել եք, որ այս շրջանում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, ես հեռախոսազրույց եմ ունեցել համանախագահների հետ, հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, այստեղ է գտնվել Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնյան, մենք ընդունել ենք Ֆրանսիայի արտգործնախարարին Հայաստանում, ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ և արդեն, որքան գիտեմ, հայտարարություն է արվել, որ հունիսի 7-ին լինելու եմ Մոսկվայում աշխատանքային այցով, և հիմնական իմաստն այդ այցի հանդիպելն է Ռուսաստանի արտգործնախարարի հետ։ Այս ամբողջ շարքը մեր աշխատանքն է, որը տարվում է գործընթացը շարունակելու ուղղությամբ», – նշել է Զոհրաբ Մնացականյանը։–0–