ԱԱԾ տնօրենը կտեղափոխվի կառավարական ամառանոց
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց, որտեղ նոր իշխանություններից այս պահի դրությամբ ապրում է միայն վարչապետը՝ ընտանիքով, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Վանեցյանը տևական ժամանակ է՝ սեփական միջոցներով վերանորոգում է ամառանոցը: Թերևս վերջին իրադարձություններն արագացրել են այդ գործընթացը, քանի որ ԱԱԾ-ն տնօրինում է փաստեր, ըստ որոնց՝ քրեական հետապնդումներ իրականացնող անձանց նկատմամբ ինչ-որ դավադրություն են նյութում», – գրում է թերթը:
Նշվում է նաև, որ նոր օրենքով՝ վարչապետի որոշմամբ կարող է ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի առանձնատուն տրամադրվել կառավարական ամառանոցում, Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ երևույթին, անվտանգության նկատառումով ԱԱԾ պետին տանում է իր մոտ: Ի դեպ, անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք ԱԱԾ պետերը կառավարական ամառանոցում չեն ապրել։–0–