Ալիևը ՀՀ նախագահի հետ հանդիպելու համաձայնություն է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է հանդիպում ունենալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, լրագրողներին է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը։
«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև այս տարեվերջ»,– Պոպովի խոսքն է մեջբերում «Նովոստի–Ազեյրբաջան» գործակալությունը։
Համանախագահը նշել է, որ դա այն հարցերից մեկն է եղել, որը քննարկվել է Ադրբեջանի նախագահի հետ կայացած հանդիպման ընթացքում։
«Համանախագահներն այսօր կմեկնեն Երևան։ Այնտեղ մենք կքննարկենք այդ հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Քննարկումից հետո Հայաստանում պաշտոնական հայտարարություն կտարածվի։ Մենք հուսով ենք, որ երկու նախագահների հանդիպումը կկայանա մինչև այս տարեվերջ»,– ավելացրեց նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:56 04.11.2013