ԲՀԿ–ն կպահանջի ոստիկանապետի հրաժարականը. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կպահանջի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականը, հայտարարեց պատգամավոր, կուսակցության քաղխորհրուրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակ համայնքի գրասենյակում իրականացվել է խուզարկություն ստացված այն տեղեկությունների հիման վրա, որ այնտեղ ընտրակաշառք են բաժանում։ Այս կապակցությամբ ԲՀԿ–ից քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այդ տեղեկությունները որակել է կեղծ և խնդրել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին պարզել իրավիճակը, քանի որ այդ տեղեկությունները տարածվել են կուսակցության գործունեությունը կազմալուծելու նպատակով։
«Դիմել եմ ոստիկանապետին և հայտնել, որ 12 օրերի ընթացքում ոստիկանությունը կազմալուծել է մեր ակտիվիստների գործունեությունը։ Ըստ ոստիկանության հայտարարության, «ավելի քան 300 ակտիվիստ հրավիրվել են ոստիկանության բաժիններ։ Մարդկանց ժամերով պահում էին, փաստացի` մեր քարոզարշավը կազմալուծված է եղել», – հայտարարեց Զոհրաբյանը։
Նա վստահություն հայտնեց, որ ոստիկանության գործունեությունը նպատակաուղղված է եղել, իսկ իրականում ոչ մի խախտումներ չեն եղել։
«Հարգելի պարոն Օսիպյան, եթե խախտումների մասին ահազանգերը չեն հաստատվել, ապա կոչ եմ անում քրեական պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք պատասխանատու են այդ ահազանգերի համար։ Կամ դուք կանեք դա կամ էլ մենք կարձանագրենք, որ ձեր գործունեությունն ուղղված է ԲՀԿ–ի դեմ և այդ դեպքում հարց կառաջանա` կարո՞ղ եք դուք արդյոք շարունակել կատարել ոստիկանապետի լիազորությունները», –– ասաց Զոհրաբյանը։
Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և 8 կուսակցություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան, «Երևանի հանրություն» դաշինք, թեկնածու՝ Անահիտ Թարխանյան, «Երևանցիներ» դաշինք, թեկնածու՝ Արարատ Զուրաբյան, «Երկիր ծիրանի» կուսակցություն, թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» կուսակցություն, թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, թեկնածու՝ Մանվել Գասպարյան, «Իմ քայլը» դաշինք, թեկնածու՝ Հայկ Մարության, «Լույս» դաշինք, թեկնածու՝ Արտակ Զեյնալյան, «Դաշնակցություն» կուսակցություն, թեկնածու՝ Միքայել Մանուկյան, «Հայք» կուսակցություն, թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան, Ռեֆորմիստների կուսակցություն, թեկնածու՝ Արտակ Ավետյան, «Օրինաց երկիր» կուսակցություն, թեկնածու՝ Մհեր Շահգելդյան։–0–