Բրյուսելը պատրաստ չէ սրել հարաբերությունները Մոսկվայի հետ Կիևի մայդանի պատճառով. ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար

Բրյուսելը պատրաստ չէ սրել հարաբերությունները Մոսկվայի հետ Կիևի մայդանի պատճառով. ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Բրյուսելը պատրաստ չէ սրել հարաբերությունները Մոսկվայի հետ Կիևի եվրամայդանի պատճառով, կարծում է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը։

«Բրյուսելը պատրաստ չէ սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ Կիևում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Մյուս կողմից, չեմ կարծում, որ մայդանում գտնվող մարդիկ Արևմուտքի աջակցությանն են սպասում», – երեքշաբթի Երևանի «Մեդիակենտրոնում» կայացած «Ուկրաինայում տիրող իրավիճակը» թեմայով Երևան–Կիև տեսակամուրջի ընթացքում ասաց Շահնազարյանը։  

Նրա խոսքով` Ուկրաինայի իշխանությունները ոչ համարժեք են արձագանքում Կիևում տեղի ունեցածին` չցանկանալով իրական երկխոսություն սկսել ընդդիմության հետ։

Շահնազարյանը պատմեց, որ 2013 թ.–ի դեկտեմբերի 1–5–ը եղել է Կիևում և համոզվել, որ ռազմավարական տեսանկյունից Ուկրաինային չի կարելի շեղել եվրոպական ուղուց,  սակայն մարտավարական տեսակետից կան խնդիրներ։

«Եթե այսպես շարունակվի, ապա Ուկրաինայում սպասված նախագահական ընտրությունները կանցնեն այնպես, ինչպես անցնում են Հայաստանում. արդյունքներն ամբողջությամբ  կեղծված կլինեն», – ավելացրել է նա։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն իր հերթին նշեց, որ այսօր կարևորագույն հարցն է` պառակտում կլինի՞ Ուկրաինայի իշխանական վերնախավի ներսում, թե ոչ։

«Նաև կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ընդդիմության շարքերում», – ավելացրեց նա։

«Վերածնունդ» («Відродження») միջազգային հիմնադրամի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան նշեց, որ այս պահին ընդդիմության և իշխանությունների միջև որևէ երկխոսություն չկա։

«Մարդիկ դուրս են եկել մայդան նաև կոռուպցիայի սարսափելի ծավալների պատճառով։ Զարգացումները կախված են իշխանությունների հետագա քայլերից», – նշեց նա։

ՀՀ–ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն իր հերթին ընդգծեց, որ Յանուկովիչը մինչև Վիլնյուսը և Յանուկովիչը Վիլնյուսից հետո երկու տարբեր մարդիկ են, երկու տարբեր քաղաքական գործիչներ։

«Առաջին Յանուկովիչի հետ կարելի էր քննարկել և հասնել որևէ բանի, սական հետվիլնյուսյան Յանուկովիչը, ունենալով Մոսկվայի աջակցությունը, իրականացնում է քայլեր, որոնց մասին տեղյակ է միայն նա», – ընդգծեց նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:58 21.01.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×